Ծաղկարի լիճը Սյունիքի մարզի և հատկապես Քաջարան տարածաշրջանի ամենատպավորիչ ու գեղատեսիլ բնական հարստություններից է ։ Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին՝ ծովի մակարդակից մոտ 3270 մետր բարձրության վրա։ Այն ունի սառցադաշտային ծագում։ Ձևավորվել է հազարամյակներ առաջ՝ սառցադաշտերի հալոցքի և տեղաշարժերի արդյունքում։ Լճի ջուրը հայելանման է, մաքուր, սառնորակ և քաղցրահամ։ Այն սնվում է հիմնականում ձնհալքով և շրջակա աղբյուրներով։ Տարվա մեծ մասը շրջակայքը ծածկված է լինում ձնաբլուրներով, ինչն ավելի է ընդգծում նրա վիթխարի գեղեցկությունը։
Ծաղկարի լիճը Քաջարան քաղաքից ուղիղ գծով հեռու է մոտ 10-11կմ, սակայն լեռնային ռելիեֆի պատճառով երթուղին պահանջում է հատուկ պատրաստվածություն։
Քաջարանից ճանապարհն անցնում է Ողջի գետի վերին հոսանքներով ՝ դեպի կապուտջուղ լեռան ստորոտները։ Մինչև որոշակի հատված կարելի է գնալ ամենագնաց մեքենայով, սակայն վերջնական ուղին դեպի լիճ անցնում է քայլարշավային արհեստավարժ երթուղով։ Լիճը հիանալի վայր է լեռնագնացության և վայրի բնության սիրահարների համար։ Շատ հաճախ արշավականները համատեղում են Ծաղկարի այցելությունը մոտակայքում գտնվող այլ բարձրլեռնային լճերի օրինակ՝ Կապուտան կամ Գազանա լճի և Կապուտջուղ լեռան վերելքների հետ։
Այցելության լավագույն ժամանակը հուլիսից սեպտեմբեր ամիսներն են, երբ ձյունը հիմնականում հալած է լինում և բնությունը զգում ես իր ողջ հմայքով։
Կապուտան լիճը Սյունիքի մարզի ամենագեղեցիկ ու բարձրադիր հրաշալիքներից մեկն է։ Գտնվում է ծովի մակարդակից մոտ 3286մետր բարձրության վրա, Քաջարան քաղաքից դեպի արևմուտք, Կապուտջուղ լեռան հարավ-արևելյան լանջին։ Լիճն ունի սառցադաշտային ծագում։ Ջուրը չափազանց պարզ է, մաքուր և սառնորակ։ Կապուտան լիճը Հայաստանի ամենատպավորիչ լճերից է, սակայն այնտեղ հասնելը պահանջում է որոշակի պատրաստվածություն։ Չնայած իր համեմատաբար փոքր մակերեսին լիճն ունի բավականին մեծ խորություն՝ առավելագույն խորությունը հասնում է մոտ 22 մետրի։ Կապուտանը անհոսք լիճ է , ինչը նշանակում է, որ այնտեղից տեսանելի գետեր սկիզբ չեն առնում, սակայն ջուրը միշտ թարմ ու բյուրեղյա է՝ շնորհիվ ստորգետնյա ֆիլտրացիայի և մշտական սառցադաշտային հոսքերի։ Արշավականների շրջանում Կապուտան հասնելը համարվում է էլիտար արշավային ուղղություն։ Քաջարանից հետո ճանապարհը վերածվում է քարքարոտ ու բարդ կածանների։ Լճի տարածքում ձմեռը տևում է տարվա մեծ մասը։ Նույնիսկ հունիս ամսվա վերջին կամ հուլիսի սկզբին լճի ափերին դեռ կարելի է տեսնել չհալված ձյան շերտեր։
Գազանա լիճը Սյունիքի բարձլեռնային համակարգի մյուս հիասքանչ ու խորհրդավոր պատառիկն է, որը գտնվում է Կապուտան լճից ոչ շատ հեռու՝Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 3114մետր բարձրության վրա։ Ինչպես տարածաշրջանի մյուս բարձրլեռնային լճերը, այն նույնպես ունի սառցադաշտային ծագում։ Լճից սկիզբ է առնում Գազանա գետը, որը հանդիսանում է Ողջի գետի վտակներից մեկը։ Ճանապարհին քարքարոտ ու խիտ լանդշաֆտները հաջորդում են կանաչապատ, ծաղկաշատ հովիտներին։ Ամռանը լճի ափերը պատվում են վառ ալպյան գորգերով։ Շատ արշավականեր նախընտրում են համատեղել այս երկու լճերի այցելությունը մեկ ընդհանուր մեծ երթուղու մեջ՝ բացահայտելու Ողջիի վերնագավառի ողջ հմայքը։ Լիճը այցելելու իդեալական շրջանը հուլիսի կեսերից մինչև սեպտեմբերի սկիզբն է։
Քաջարան համայնքում և Ողջի գետի վերին ավազանում կարող ենք հանդիպել անանուն ռելիեֆի փոքր ձևեր։ Դրանք հիմանականում առաջացել են տեկտոնական ակտիվության, սառցադաշտային անցյալի, ինչպես նաև հողմահարման, ջրային էրոզիայի և մարդածին գործոնների ազդեցությամբ։ Քանի որ համայնքը գտնվում է բարձրլեռնային գոտում, այստեղ ակնառու են հին սառցադաշտերի և ներկայիս սառնամանիքային հողմահարման հետքեր։
Անանուն քարացրոններ․Լեռնալանջերից պոկված և ձորակներով դանդաղ սահող մեծ ու փոքր ժայռաբեկորների կուտակումներ, որոնք չունեն հատուկ անուներ, սակայն պատում են Բարգուշատի և Զանգեզուրի լանջերը։
Նիվացիոն խորշեր և տաշտակներ․Ձյան շերտի երակարատև պահպանման և հալքի հետևանքով առաջացած փոքր գոգավորություններ բարձրադիր լանջերին։
Փոքր տրոգային հովիտների մնացորդներ և մորենային թմբեր․ Հին սառցադաշտերի կողմից տեղաշարժված քարային կուտակումներ, որոնք հանդիպում են Կապուտջուղի և հարակից գագաթների ստորոտներում։
Էրոզիոն և դենուդացիոն փոքր ձևեր։ Ջրի և քամու ազդեցությամբ ապարների քայքայումից առաջանում են յուրօրինակ պատկերներ։ Անանուն հողմահարման սյուներ և պատեր․ ժայռային ելուստներ, որոնք քամու և ջերմաստիճանային տատանումների հետևանքով ստացել են տարօրինակ ձևեր շատ կան Ողջիի կիրճի բարձրադիր գոտիներում։
Էրոզիոն ձորակներ և խորշեր․ Գարնանային ձնհալի և հորդառատ անձրևների ժամանակ ժամանակավոր ջրահոսքերի ձևավորված փոքր, անանուն հունային ակոսներ, որոնք կտրտում են լեռնալանջերը։
Սև ջուր աղբյուրը Սյունիքի մարզի հատկապես Քաջարան քաղաքի ամենահայտնի, սառնորակ և մաքուր բնական աղբյուրներից է։ այն բացառիկ նշանակություն ունի տեղանքի համար հանդիսանալով թե խմելու ջրի կարևոր աղբյուր, փե սիրված կանգառ ճամփորդների ու տեղացիների համար։
Աղբյուրը գտնվում է բարձրլեռնային գոտում, ինչի շնորհիվ ջուրը տարվա բոլոր եղանակներին պահպանում է իր բյուրեղյա մաքրությունն ու սառնությունը։ Չնայած Սև ջուր անվանմանը՝ ջուրն ամենեվին էլ սև չէ։ Անունը հիմնականում կապված է աղբյուրի հունի, խորության կամ շրջակա մուգ ապարների ու հողաշերտի գույնի հետ։ Որպես կանոն աղբյուրի շրջակայքը բարեկարգված է և ծառայում է հիանալի վայր Լեռնային երկար ճանապարհից հետո կանգ առնելու, զովանալու և բնության գրկում հանգստանալու համար։ Շրջապատված է աղբյուրը Սյունիքի հոյակերտ լեռներով։ Իսկական դրախտ է էկոտուրիզմի և արշավների սիրահարների համար։ Այս աղբյուրը տեղացիների համար համարվում է տարածաշրջանի ամենաորակյալ ջրերից մեկը։ Աղբյուրի ջուրը այնքան սառն է, որ նույնիսկ ամռան ամենաշոգ ամիսներին դրա մեջ ձեռքը մի քանի վայրկյանից ավել պահելը դժվար է։ Աղբյուրի հարակից արահեները հիանալի են թեթև քայլարշավների և էկոտուրիզմի սիրահարների համար։ Տարածքում կան կահավորված տաղավարներ, որտեղ մարդիկ հավաքվում են ընտանիքներով կամ ընկերներով՝ ժամանակ անցկացնելու և բնության գրկում օրը վայելելու համար։
Facebook
Location on Google Maps
YouTube